ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Աղվեսն ուզում է Ագռավին բռնի: Ճանապարհի մեջտեղը մեկնվում ու սատկած է ձևանում:
Ագռավը գալիս է, Աղվեսի շուրջը պտտվում: Աղվեսը բոլորովին չի շարժվում: Ագռավը ավելի է մոտենում , նույնիսկ ձեռք է տալիս Աղվեսի ականջներին: Աղվեսը շարունակում է անշարժ մնալ:
Երբ նորից թռչում գալիս է, որ Աղվեսի աչքերը հանի, Աղվեսը վրա է թռչում, ճանկում Ագռավին:
— Խնդրում եմ քեզ, Աղվես աղա, — աղերսում է Ագռավը, — ինձ խորովիր, կեր, բայց մի տանի ժայռից ցած գլորի, պապս գլորվեց էդ ժայռից, կտոր — կտոր եղավ:
Աղվեսը հենց որ լսում է դա, իսկույն տանում է Ագռավին ժայռից ցած գլորում: Ագռավը փրկվում է, թռչում գնում է մի ծառի վրա կանգնում ասում, “Այ էդպես քեզ կխաբեմ, խորամանկ աղվես”:

ԴԵՐՁԱԿԸ

Մի դերձակ է լինում: Էս դերձակը որ վաթսուն տարեկան է լինում, գիշերը մի երազ է տեսնում, կյանքում ինչքան շոր էր կարել, էդ շորերից գողացած կտորները մի մեծ ծառի ճղներից կախ տված: Դերձակը վախենում է, ինքն իրեն մտածում է. “Երևի մեծացել եմ, Աստված ինձ հասկացնում է, որ շոր կարելիս էլ գողություն չանեմ”:
Դերձակը առավոտը տղին պատմում է, ասում.- Որդի, որ մեկ էլ մուշտարին կտոր բերի շոր կարելու, դու կասես. “Ապի , ծառը…”:
Մի երկու օրից հետո մի հարուստ առևտրական կտոր է բերում ու խնդրում, որ մի չուխա, մի շալվար ու մի աբա կարի: Դերձակը կտորի թոփը որ տեսնում է, աչքերը ծիլիվ ծիլիվ են անում: Մի պատառ թաքուն կտրում է, կոխում խալիչի տակը:
Տղան տեսնում է, որ հայրը կտորը կտրեց, դրեց խալիչի տակ, ասում է. — Ապի ծառը…
Հայրը պատասխանում է.- Որդի ջան, սուս կաց, էս կտորից ծառի վրա ըլել չի:

ՕՁՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Օձն ու Աղվեսը ախպերանում են, ճանապարհ ընկնում դեպի հեռու երկիր:
Ճանապարհին մի մեծ գետի են հանդիպում, Օձն ասում է.
— Աղվես ախպեր, ես մի քիչ լողալ գիտեմ, բայց քեզ չեմ հասնի, ինչպես անցնենք էս վարար գետը, ես կխեղդվեմ… Աղվեսն ասում է.
— Էլ մեր ախպերությունը որ օրվա համար է. արի ել շալակս, լողալով կանցկացնեմ:
Օձը ելնում է Աղվեսի շալակը, Աղվեսը իրեն գցում է գետը, սկսում է լողալ:
Դեռ գետի կեսը չհասած ՝Օձը գլուխը երկարացնում է, ուզում է աղվեսի բկից խայթի: Աղվեսը հասկանում է Օձի միտքը, պինդ բռնում է Օձի վզից, խեղդում, հանում գետի ափ. ավազի վրա ձգում ու ասում.
— Այ, ախպերությունը էսպես ուղիղ պետք է լինի: